Վերջին տարիներին առավել ուշադրություն է դարձվում ցեղասպանության մասին գրքերի հրատարակմանը: Պետությունը միջոցներ է հատկացնում դրանց տպագրության ու թարգմանության համար: Շարունակվում է ցեղասպանության խնդիրը համաշխարհայնացնելու դիվանագիտական աշխատանքը: Այդ առումով ավելի կարևոր է համապատասխան գրքերի հրատարակումը դրսում: Քայլեր են արվում նաև այդ ուղղությամբ:
Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ ԴԱՎԻԹ ԳԱՍՊԱՐՅԱՆԸ «Իրատեսի» հետ զրույցում նշեց, որ կարող ենք ստեղծել ցեղասպանությանը նվիրված մեկ ընդհանուր մատենաշար, որտեղ ճյուղավորված կընդգրկվեն արևելահայ, արևմտահայ, օտարագիր և այլազգի գրողների համապատասխան երկերը:
Դավիթ Գասպարյանը վստահեցնում է, որ ցեղասպանության մասին կա պատմագիտական, հուշագրական, գեղարվեստական հարուստ գրականություն: Գրականագետի պարզաբանումները` ստորև:
ԱԶԳԱՅԻՆ ՑԱՎԻՆ ԱՆԴՐԱԴԱՐՁԵԼ ԵՆ Ե՛Վ ԱՐԵՎԵԼԱՀԱՅ, Ե՛Վ ԱՐԵՎՄՏԱՀԱՅ ԳՐՈՂՆԵՐԸ
Արդեն 19-րդ դարի վերջերից, երբ սրվեցին հայ-թուրքական հարաբերությունները, 1894-ից մինչև 1922 թվականը, երբ հայահալած քաղաքականությունն ուժի մեջ էր, մեր գրողները մշտապես եղել են իրենց ժողովրդի կողքին: Հայ գրողը միշտ եղել է հայ ժողովրդի դատի պաշտպանը: Այս օրերին, դժբախտաբար, քիչ են հիշվում Ռափայել Պատկանյանի, Հովհաննես Հովհաննիսյանի անունները: Բայց մի քիչ այս կողմ գալով` անուններն ավելի ակնհայտ են ու երևացող, ընդ որում, ազգային ցավին անդրադարձել են և՛ արևելահայ, և՛ արևմտահայ գրողները: Երբեմն ոմանք ազգային ցավի արտահայտիչներ են դիտում սոսկ արևմտահայ գրողներին, որոնցից շատ շատերը եղեռնի զոհ դարձան, բայց այս ցավը համազգային էր: Հիշենք Թումանյանի «Հայրենիքիս հետ» բանաստեղծական ժողովածուն, որ լույս տեսավ 1916-ին (տեսեք` վերնագիրն ինչ ճիշտ է ընտրել), Վահան Տերյանի «Երկիր Նաիրի» շարքը: Տերյանը, որ մթնշաղի անուրջներով ու համանման տրամադրություններով էր ապրում, «Մթնշաղի անուրջներից» անցավ «Երկիր Նաիրիին»: Բանաստեղծ, ով պետք է մասնակցեր նաև Բրեստ-Լիտովսկի պայմանագրին, գրեր Թուրքահայաստանի մասին «Դեկրետը»: Կարճ ժամանակ հետո ասպարեզ մտավ Չարենցը, դարձավ ոչ միայն հայրենիքի ցավը հնչեցնող ու պատկերող բանաստեղծ, այլև զինվորագրվեց հայոց կամավորական խմբերին, հասավ մինչև Վան, մասնակցեց մարտերի, վերադարձավ ու գրեց «Դանթեական առասպելը»: Հետագայում այդ ոգին արթնացավ նրա շատ այլ ստեղծագործություններում:
«ՈՐՈ՞Ւ ԹՈՂՈՒՄ ՍԱ ԱՆՏԵՐ ՈՒ ԱՆԳԼՈՒԽ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ»
Ազգային ցավը շատ խորունկ տարան և կյանքով հատուցեցին արևմտահայ գրողները, որոնք անմիջապես մահվան շուրջկալի մեջ էին: Եղեռն ասածը շատ երկար ժամանակ է ընդգրկում. 1894 - 1922-ը ակնհայտ թվեր են: Բայց մենք եղեռնի զոհերի հիշատակը ոգեկոչում ենք 1915-ի ապրիլի 24-ին, որովհետև այդ օրը հայոց մտավորականության ձերբակալության օրն է: Նրանց հետո աքսորեցին և սպանեցին: Ոչնչացվեց ազգի ոսկե սերուցքը: Արևմտահայ գրողներն արդեն իսկ զգում էին, թե ինչ է կատարվում և, մինչ իրենց եղերական վախճանը, գեղարվեստական, հրապարակագրական բազմաթիվ երկերով հնչեցրին ազգային ցավը: Այդ փաղանգի մեջ էին Գրիգոր Զոհրապը, Սիամանթոն, Վարուժանը, Ռուբեն Սևակը… Նրանցից ոմանք քանի անգամ առիթ ունեցան հեռանալու և փրկվելու, բայց մերժեցին, որովհետև ժողովրդի գլուխն իրենք էին, առաջնորդներն ու փրկիչներն իրենք էին: «Որո՞ւ թողում սա անտեր ու անգլուխ ժողովուրդը»,- ասում էր հուսահատ Զոհրապը: Նա մնաց, մյուսներն էլ մնացին, ու իրենք էլ զոհ գնացին եղեռնին:
«ԵՍ ԱՅԼԵՎՍ ՉԵՄ ԿԱՐՈՂ ՎԵՐԱՊՐԵԼ ԵՂԵՌՆԸ»
Արևմտահայ գրողների անունների շարքը մեծ է: Նրանք ստեղծեցին մի գրականություն, որը մի կողմից ազգային ողբերգությունն էր պատկերում, մյուս կողմից` հայրենակարոտի, հայրենավերադարձի պատգամներ էր հղում:
Ե՛վ Սիամանթոն, և՛ Դանիել Վարուժանը ասում էին` վերադարձեք, հայրենի տունը շենացրեք, որովհետև գիտեին` ամրանալով միայն կարելի է դիմագրավել չարիքին, արյունախում թուրք բաշիբոզուկին:
Ազգային այս մտայնությունը պահպանվեց. արևմտահայ գրականությունից հետո մենք ունեցանք սփյուռքահայ գրականություն: Սփյուռքահայ գրողների երկերում եղեռնն է: Առաջին սերունդը վերապրողներն են: Ստեղծվում էր կարոտի գրականություն, որովհետև կարոտով մտաբերում էին հայրենի եզերքը, իրենց գյուղը, իրենց ծննդավայրը: Կարոտի կողքին նաև գոյամարտի, դիմակայության գրականությունն էր, որով հայի մեջ հային էին ուզում արթնացնել ու զորացնել: Հիշենք Շահան Շահնուրի «Նահանջը առանց երգի» վեպը, «Պճեղ մը անուշ սիրտ» պատմվածքը, Համաստեղի պատմվածքների ժողովածուները, Վազգեն Շուշանյանի գործերը, Հակոբ Օշականի «Մնացորդացը»: Օշականը գրեց վեպի երեք ծավալուն հատորները, բայց չորրորդը գիտակցաբար չգրեց, որովհետև այլևս չէր կարող վերապրել եղեռնը: Վերապրողներից էին Կոստան Զարյանը, Վահան Թեքեյանը և այլք:
ԲԱԿՈՒՆՑՆ ԱՅԴ ՊԱՏՄՎԱԾՔԻ ՀԱՄԱՐ ԿՅԱՆՔՈՎ ՀԱՏՈՒՑԵՑ
Խորհրդային գաղափարախոսությունը, հետևաբար իրականությունն ու գրականությունը 1920-1930-ականներին հակահայրենասիրական էին: Ովքեր հայրենիքի մասին էին գրում, համարվում էին նացիոնալիստ և այդ պիտակով դատապարտվում` աքսորվում կամ գնդակահարվում: Շատերը լռեցին, անգամ ուրացան իրենց հայրենիքը: Բայց այս դժվար ժամանակներում հայրենիքի ոգին բարձր պահեցին Չարենցն իր «Ես իմ անուշ Հայաստանի…»-ով, «Մահվան տեսիլ»-ներով, բանաստեղծություններով ու պոեմներով: «Ծիրանի փողը» պատմվածքով Բակունցը պատմական հայրենիքի հուշն արթնացրեց և դրա համար կյանքով հատուցեց: Բայց «Ծիրանի փողը» ճանապարհ հարթեց հետագա հայրենապատումների համար մինչև Մուշեղ Գալշոյան: Հերոսները հերոսացան, իսկ մի մասն էլ ուրացավ հայրենիքը: Հիսունականների կեսերից հայրենապատումն ուժեղացավ, այդ մտայնության արգասիքն էին Պարույր Սևակի, Հովհաննես Շիրազի, Համո Սահյանի, Վահագն Դավթյանի և մյուսների բազմաթիվ գործեր: Այդ ոգին նեթափանցեց նաև արձակի մեջ: Հիշենք Գուրգեն Մահարու «Այրվող այգեստաններ», Խաչիկ Դաշտենցի «Խոդեդան», «Ռանչպարների կանչը» վեպերը, Մուշեղ Գալշոյանի «Ձորի Միրոն», «Կածանի ճամփորդներ» վիպակները և «Մարութա սարի ամպերը» պատմվածաշարը: Ավելացնենք Գևորգ Հակոբյանի, Հովհաննես Մելքոնյանի և այլոց անունները:
ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՇՐՋԱՆՑԵԼԻ ԷՋԵՐԻՑ ՄԵԿԸ
Հայոց ողբերգությունը դարձավ նաև համաշխարհային գրականության փաստ, համաշխարհային գրականության անշրջանցելի էջերից մեկը: Առաջինը Ֆրանց Վերֆելն էր` «Մուսա լեռան քառասուն օրը» վեպով, որ հայերեն թարգմանվեց և ունեցավ բազմաթիվ հրատարակություններ: Գերմանագիր գրող Էդգար Հիլզենրաթը լույս ընծայեց «Վերջին մտքի հեքիաթը» եռահատոր վեպը: Այս մտայնությունը խորացավ ու արտահայտվեց անգամ թուրք գրողների ստեղծագործության մեջ` Օրհան Փամուկի «Ձյուն», Քեմալ Յալչընի «Հոգիս քեզանով է խայտում», Դողան Աքանլըի «Ահեղ դատաստանի դատավորները» վեպերը, Ֆաթիհ Աքընի «Սպի» շարժանկարը: Շարժանկարի է վերածվել նաև Յալչընի հիշյալ վեպը:
Համաշխարհային գրականության համատեքստում անպայման պետք է անդրադառնալ օտարագիր հայ գրողների հայրենապատումին: Այս տեսակետից բացառիկ է Վիլյամ Սարոյանի դերը. նա ցեղասպանությունը ոգեկոչեց «Մարդկային կատակերգություն», «Իմ սիրտը լեռներում է», «Բիթլիս», «Հայն ու հայը» և բազմաթիվ այլ գործերում: Իսկ ահա անգլիագիր գրող Մայքլ Առլենը (Տիգրան Գույումճյան) գրում էր Անգլիայի բարձր հասարակության մասին, նրա «Կանաչ գլխարկը» վեպը համաշխարհային համբավ ունեցավ: Սարոյանը վիճում էր նրա հետ, թե ինչու հայոց կյանքից չի գրում, այլ միայն օտարների: Բայց ահա Մայքլ Առլենի որդին գրելու էր «Դեպի Արարատ»-ը: Այս գիրքը թարգմանվել է հայերեն, հրատարակվել Բեյրութում ու Երևանում: Մայքլ Առլեն Կրտսերը պատմում է, որ հայրն իրեն ամեն կերպ կտրել է հայկական արժեքներից, հայկականությունից: Փարիզում մի գիշերօթիկ դպրոցում ուսանելու էր ուղարկել, շաբաթը մեկ, մի տուփ շոկոլադ ձեռքին, այցելում էր: Որդին դպրոցի տնօրենից իմանում է, որ ինքը ազգությամբ հայ է: Այցելության եկած հորն ասում է` հայրիկ, ես գիտեմ, որ հայ եմ: Դա հոր կյանքի ամենասև օրն էր: Հետագայում արդեն իր ինքնությունը վերագտած որդի Առլենը «վրեժ է լուծում» հայր Առլենից իր օտարացման, ուծացման համար: Գրքի վերջում այսպիսի դրվագ կա. երկար միջանցքի մի ծայրին ինքն է կանգնած, մյուս ծայրին` պապը, մեջտեղում` հայրը: Ասում է` ես խոսում էի հորս հետ, բայց նա ինձ չէր հասկանում, միջանցքի մյուս ծայրից պապս հասկանում ու ձեռքով էր անում: Այսինքն, օտարացած, հայությունից հեռացած հայրը ժառանգորդական շղթայից դուրս է մղվում, պապ ու թոռ իրար հասկանում են:
Համանման վեպ է Փիթեր Բալաքյանի «Ճակատագրի սև շունը»: Ճակատագրի սև շունը թուրքն է, որ մտավ մեր ճակատագրի մեջ, մեր պատմական հայրենիքի, մեր լեզվի, մեր ժողովրդի, մեր գոյաբանության մեջ: Բալաքյանի «Այրվող Տիգրիս» պատմահրապարակագրական գիրքը ներկայացնում է ԱՄՆ-ի վերաբերմունքը Հայոց ցեղասպանությանը:
Շատ են այս կարգի օտարագիր գրողները` Վարուժան Ոսկանյան, Փիթեր Սուրյան, Դայանա Տեր-Հովհաննիսյան, Քրիս Բոհջալյան, Դավիթ Խրդյան, ում «Ճանապարհ տնից» վեպն այս տարի տպագրվելու է «Հայոց լեզու և գրականություն» հանդեսում, ինչպես նաև առանձին գրքով:
ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՈԳՈՒ ԱՆԿՈՒՄԸ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Այսօր մեր գրականության մեջ հայրենասիրության ոգու անկում է նկատվում: Նույնը նաև` ժողովրդի մեջ: Պարույր Սևակը գրողների համագումարներից մեկում արծարծեց ազգային արժանապատվության և ազգային սնապարծության հարցը: Նա կողմ էր ազգային արժանապատվությանը, իսկ ազգային սնապարծությանը` ոչ: Մենք անգամ հասել էինք ազգային սնապարծության, բայց, դժբախտաբար, հիմա ազգային հիասթափության շրջան ենք ապրում: Շատերն ուրանում են հայրենիք, ծնող ու հեռանում են: Հայրը, մայրը մահանում են, անգամ թաղմանը չեն գալիս: Ապրում ենք մի ժամանակաշրջան, որ պիտի արդեն ներքուստ դիմագրավենք սպիտակ եղեռնին, սպիտակ ջարդին: Եթե այն ժամանակ բռնագաղթ էր ու արյունոտ ողբերգություն, հիմա արտագաղթ է և սպիտակ ջարդ` ուծացում:
Պետք է արժանապատիվ, բարոյական, սոցիալապես ապահով հայրենիք ստեղծենք, որ հայն իր հայրենիքում ավելի լավ զգա իրեն, քան որևէ այլ տեղ: Այստեղից էլ` հայրենասիրական ոգու անկումը գրականության մեջ: Անգամ հայրենատյացություն է նկատվում: Ծաղրի առարկա են դարձել հայրենիք, անկախություն, ժողովուրդ սրբազան բառերը: Կան նորերը, բայց առանձնացողներ չկան:
Մինչդեռ օտարագիր հայ գրողները վեպեր են գրում, աշխարհը թարգմանում է:
Կարծում եմ` հայրենասիրական մի լավ գրքի ժամանակ է:
«ՀԱՅ ԳՐԱԿԱՆԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԵՏՔ Է ՆԱԵՎ ԹՈՒՐՔԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆԵԼ»
Հայ գրականությունը պետք է նաև թուրքերեն թարգմանել: Թուրքիայի տարածքում` մեր պատմական հայրենիքում, կան փոխված հայեր` քրդացած, թուրքացած, կրոնը փոխած, բայց ազգային ոգին նրանց մեջ աստիճանաբար արթնանում է: Տվյալներ կան, որ վերջին տարիներին 30 հազար մահմեդականներ քրիստոնեության են վերադարձել: Նրանք մեծ մասամբ հայեր են, նաև հույներ ու ասորիներ: Հիշողության, ազգային կերպարի վերադարձի այս ընթացքը գիտակից տարրի մեջ կշարունակվի, մյուսներին պետք է արթնացնել: Դրա համար ազգային արժանապատվությունը պետք է արթնանա, պետք է իմանան, որ Հայաստան կա, հայոց լեզու կա, հայոց պետականություն կա: Նրանցից թաքցված է եղել այս ամենը, քչերը` մտավոր շերտը միայն, գիտեն այդ մասին: Հայրենիքի ճանապարհները բացվել են: Պիտի հանդիպել նրանց հետ, բոլոր ձևերը գտնել` ազգային ոգին արթնացնելու: Դրա համար, ինչպես նշեցի, հայ գրականությունը պետք է թարգմանել նաև թուրքերեն:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ